Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԻՆՉՈ՞Ւ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՈ՞Ւ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
19.11.2010 | 00:00

«28-ը փետրվարի, 2011 թվական. ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների հիմնադիր համագումար. ով, ինչու և ինչպես Արցախի ինքնապաշտպանության պատերազմը վերանվանեց ղարաբաղյան կոնֆլիկտ, կամ ում կողմից, ինչու և ինչպես մոռացության մատնվեց ադրբեջանահայությունը»: Այս սուր թեմայով երեկ «Իրատես de facto» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի ներկայացուցիչներ ՌՈՄԱՆ ԳՅՈՒԼԲԱՆԴՅԱՆԸ, ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ և ԱՐԱՐԱՏ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ:
Մարիամ Ավագյանը նշեց, որ փետրվարի 28-ին նախատեսված համագումարում անդրադառնալու են գլխավորապես ադրբեջանահայության խնդիրներին, այս առնչությամբ միջազգային կառույցների դիրքորոշմանը. «Մարդկության գլոբալ խնդիրներով տառապող այդ կառույցները որոշեցին տարածաշրջանային իրողությունից հանել ադրբեջանահայության խնդիրը, ողջ մնացածներին վերացնել որպես ամբողջականություն` տարրալուծելով նրանց աշխարհով մեկ: Մի կողմից հեշտացվեց նրանց մուտքը բազմաթիվ երկրներ, մյուս կողմից` դժվարացվեց նրանց բնակեցումը Արցախի շրջակա տարածքներում: Աստիճանաբար վերացվեցին նաև տրամադրվող օգնություններն ու արտոնությունները: Մեր հայրենքի մի մասը, մեր բնօրրանն այժմ գտնվում է ռասիստական Ադրբեջանի օկուպացրած վիճակում, և այս մասին ոչինչ չի ասվում: Միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին աջակցում են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով, հնարավորություն են տալիս գնելու զենք, զինամթերք և իրականացնելու հերթական ցեղասպանությունը»:
Ռոման Գյուլբանդյանի խոսքով` համագումարի նպատակն է ադրբեջանահայությանը ներկայացնել որպես իրավապետական մարմին և պահանջել միջազգային կառույցներից ու Ադրբեջանից` իրենց հետ խոսել տարածքների, 88-ի ցեղասպանության և այլ խնդիրների շուրջ, ինչը նա համարում է բեկումնային քայլ ղարաբաղյան բանակցություններում: «Երբ տարածքների հարցն Ադրբեջանը բարձրացնի միջազգային ատյաններում, մենք պետք է ապացուցենք, որ օկուպացված են մե՛ր տարածքները` Բաքվում, Սումգայիթում, Դաշքեսանում, Գանձակում, իսկ մյուս տարածքներն ազատագրված են, որտեղ և պիտի ապրեն 88-ի ցեղասպանությունից փրկված հայերը»: «Բարձրացված հարցերի շուրջ հայությանը դիմելու ենք նամակով,- ասաց Արարատ Ծատուրյանը։- Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը երբևէ քննարկման նյութ չի դարձել, երբևէ չենք ներկայացրել մեր իրավունքները որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ: Միջազգային կառույցները խուսափում են խնդիրը բարձրաձայնելուց` ինչ-ինչ շահերից ելնելով, ինչպես 15-ի ցեղասպանության դեպքում է»: Բանախոսը նշեց, որ ձեռնարկվում են հստակ քայլեր` պաշտպանելու ցեղասպանության ենթարկված ադրբեջանահայության իրավունքներն ու շահերը, և արեց կարևոր մի դիտարկում. «Համագումարը կարող է վերածվել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների լիազոր ներկայացուցիչների համաժողովի, քանի որ, հայերից բացի, հալածանքների են ենթարկվել նաև մի շարք այլ ազգերի ներկայացուցիչներ, անգամ այլախոհ ադրբեջանցիներ»:
Համագումարի երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել Եվրոպայում, որին կմասնակցեն ադրբեջանահայության բոլոր լիազոր ներկայացուցիչներն ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ